Լեռնային Ղարաբաղում կողմերի գործողությունները չպետք է խորացնեն առանց այդ էլ լարված իրավիճակը։
Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈՒ կողմից շփման գծի խախտման մասին հարցին։
Ինչ վերաբերում է բուն առաջխաղացմանը, ապա իրավիճակը պետք է տեղում գնահատեն ռուս խաղաղապահները, ասել է Զախարովան:
Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում գազի մատակարարման հետ կապված իրավիճակը՝ Զախարովան նշել է, որ ռուսական կողմը կապի մեջ է երկու կողմերի հետ։
«Մենք կոչ ենք անում ավելի շուտ լուծել այդ տարածաշրջան գազի մատակարարման խնդիրը։ Համապատասխան աշխատանքներ են տարվում ՌԴ ԱԳՆ-ի, ՊՆ-ի, Էներգետիկայի նախարարության, «Գազպրոմի» գծով։ Մենք ելնում ենք նրանից, որ չի կարելի խորացնել առանց այդ էլ բարդ հումանիտար իրավիճակը, հասարակ բնակիչները չպետք է տառապեն»,- ընդգծել է Զախարովան։