Ճշտված տեղեկություններով` այսօր գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող։
Այս մասին հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ այս ընթացքում Արցախի Հանրապետության իշխանությունները Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են:
Գործադրվում են բոլոր ջանքերը, որ ռուսական կողմն իր առաքելության շրջանակում բոլոր մակարդակներում համապատասխան միջոցներ կիրառի մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատված ներխուժած ադրբեջանական զորքին ելման դիրքեր վերադարձնելու համար:
Դրան զուգահեռ՝ Արցախի զինված ուժերը լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում հարակից գյուղերի անվտանգությունն ապահովելու նպատակով:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը երեկ՝ մարտի 24-ին, խախտել են Լեռնային Ղարաբաղի շփման գիծը և ներխուժել են Արցախի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ։ Արցախի տեղեկատվական շտաբի տվյալներով՝ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: