Արցախում այս պահին տեղի ունեցող զարգացումներն ուղիղ կապ ունեն Ուկրաինայում մղվող ռազմական գործողությունների հետ։ Ինչքան վատանան ռուսական կողմի գործերն Ուկրաինայում, այնքան Արցախում իրավիճակը կսրվի։ Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական վերլուծաբան Մհեր Հակոբյանը։
Ըստ նրա՝ Արցախում իրադրությունը կլարվի՝ կախված Ուկրաինայում պատերազմի ընթացքից։
«Ռուսական կողմը չունի այն ակնկալիքները, որն ուներ իսկզբանե, իսկ ադրբեջանական կողմն Արցախում լարում է իրավիճակը։ Ադրբեջանը մեկ նպատակ ունի՝ դուրս մղել ռուսական զորքերն Արցախից, ինչպես նաև հեռացնել հայկական զորքերին, բռնագաղթեցնել արցախահայությանը՝ այսպիսով լուծելով Արցախի հարցը»,- նկատեց վերլուծաբանը։
Նրա խոսքով, սակայն, զոհասեղանին Ռուսաստանի Դաշնության հեղինակությունն է դրված։ Մհեր Հակոբյանը հույս հայտնեց, որ ռուսական կողմը կկատարի իր առաքելությունը։
«Եթե մի տարածքի համար պատասխանատու է X սուբյեկտը՝ այս դեպքում ռուսական խաղաղապահ զորախումբը, և լինում է խախտում, ուրեմն, պատասխանատուն ինքն է։ Կարող ենք արձանագրել, որ փաստացի խաղաղապահ զորախումբն անհաջողություններ է գրանցում»,- նշեց Հակոբյանը։
Ռազմական վերլուծաբանը չբացառեց, որ հայերի շահերի հաշվին հնարավոր է փորձ կատարվի լավություն անել կողմերից մեկին։ Նրա համոզմամբ, սակայն, ռուսական կողմը շահագրգռված չէ կորցնել Արցախը, որովհետև այդ դեպքում կկորցնի իր ազդեցությունը Հարավային Կովկասում։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում:
Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցություններն էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմն ունի երկու զոհ, յոթ վիրավոր։