Արցախի ՊԲ-ն հերքում է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողությունների փորձի վերաբերյալ բացարձակ սուտ է, որը սեփական սադրանքները կոծկելու պարզունակ նպատակ է հետապնդում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են նրանց վերադարձնել ելման դիրքեր:
Ադրբեջանական ուժերը մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Այս պահին ճշտված տեղեկություններով ՊԲ 3 զինծառայողներ զոհվել են, 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։
Այսօր՝ ժամը 11։00-ի հատվածում ադրբեջանական ուժերը կրկին փորձ են արել առաջխաղացում ապահովել, ինչը կանխվել է Արցախի ՊԲ ուժերի կողմից։