Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ
մարտի 28-ից Ստեփանակերտի և հարակից այլ բնակավայրերի գազամատակարարումը կվերականգնվի:
Ըստ տարածված տեղեկատվության «Азеригаз»-ը վերացրել է գազաբաշխիչ գծի վրա տեղի ունեցած վթարի հետևանքները։ Նշվում է նաև, որ նախնական թեստային աշխատանքներ կիրականացվեն ու մարտի 29-ից ամեն ինչ կաշխատի սովորական ռեժիմով:։
Նշվում է նաև, որ, հաշվի առնելով նախնական թեստային աշխատանքները, քաղաքացիներին խնդրում են զգույշ լինել գազի օգտագործման ժամանակ: Հաղորդվում է նաև, որ մարտի 29-ից ամեն ինչ կաշխատի սովորական ռեժիմով։
Ավելի վաղ «Արցախգազ» ընկերությունը հայտնել էր, որ մարտի 8-ին՝ ժամը 01:00-ին տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվել է մայրուղային գազատարը։ Ավելի ուշ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ադրբեջանը խոչընդոտում է ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն:
Տասն օրից ավելի արցախցիները զրկված էին գազից, բանակցությունների արդյունքում վերականգնվեց գազատամատակարարումը, սակայն, կարճ ժամանակ անց կրկին Արցախը մնաց առանց գազի։ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
Հաղորդագրության մեջ նաև նշվել է, որ բավարար հիմքեր կան պնդելու առ այն, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։ Այս պահին դեռ գազամատակարարումը չի վերականգնվել։
Ավելի ուշ՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում մարտի 7-ին պայթեցվել է Արցախին գազ մատակարարող գազամուղը: Նրա խոսքով, Ադրբեջանը ամենատարբեր պատրվակներով թույլ չի տվել վերանորոգել գազատարը վնասված հատվածը, գազատարի վրա տեղադրել է փական ու մարտի 21-ից այդպիսով դադարեցրել Արցախի գազամատակարարումը։