Բանակցություններից հետո ադրբեջանական կողմն իր ստորաբաժանումները դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրից։ Այս մասին ասվում է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության մարտի 27-ի տեղեկագրում, որը հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում։
Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ Ասկերանի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել: Փոխհրաձգության հետևանքով կողմերից յուրաքանչյուրն ունի երկու վիրավոր։ Խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից հակամարտության կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցության արդյունքում իրադրությունը կայունացել է:
Մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը:
Ադրբեջանական ուժերը մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Տեղի ունեցած մարտերի ընթացքում ՊԲ 3 զինծառայող է զոհվել։
ՌԴ ԱԳՆ-ն ծայրահեղ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ: ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մասին: