Ադրբեջանը հայտարարել է, որ «Ազերիգազ» պետական ընկերությունը նախատեսում է վերակառուցել և բարելավել Ստեփանակերտի գազի ենթակառուցվածքը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ Արտադրական ասոցիացիայի գազամատակարարման զարգացման բաժնի ղեկավար Թեյմուր Ջաֆարովի՝ Ստեփանակերտ գնացող գազատարում «Ազերիգազը» կատարել է «որոշակի վերանորոգումներ, և ներկայումս քաղաքն ապահովված է գազով»։ Նախատեսվում է, որ կվերակառուցվի Ղարաբաղի ողջ գազային ենթակառուցվածքը։
Հիշեցնենք, որ մարտի 8-ից Արցախի ողջ տարածքը գազազրկվել է Հայաստանից Արցախ անցկացված մայրուղային գազատարի վնասման հետևանքով, որի վնասված հատվածը գտնվում էր ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքում։ Ադրբեջանական կողմն այս օրերին խոչընդոտել է «Արցախգազ» ՓԲԸ-ի մասնագետների մուտքը վնասված հատված, և միայն մարտի 16-ին հայտարարել է, որ սկսում է վնասված հատվածի վերանորոգումը։ Գազամատակարարումը վերականգնվել է մարտի 19-ին, սակայն մարտի 21-ին կրկին դադարեցվել է՝ ադրբեջանցիները մայր գազատարի վրա փական են տեղադրել և անջատել գազամատակարարումը հանրապետություն։ Մարտի 28-ին «Արցախգազ»-ը հայտարարեց, որ հանրապետություն գազամատակարարումը վերականգնվել է։