Ադրբեջանի զինուժը թուրքական բանակի սակրավորների ստորաբաժանման օգնությամբ ականազերծման աշխատանքներ է անում Արցախի բռնազավթված տարածքներում և հարակից շրջաններում։ Այս մասին գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով «Anadolu»-ին։
Թուրքիայի «Anadolu» պետական լրատվական գործակալության թղթակիցը հայտնել է, որ 2020-ի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո մինչև օրս ականազերծվել է 23.000 հեկտար մակերեսով գոտի։
Այդ ընթացքում և տարածքում հայտնաբերվել ու վնասազերծվել է ավելի քան 26.000 չպայթած զինամթերք, 19.000 հակահետևակային և 10.000 հակատանկային ական։ Նշվում է, որ հայկական ուժերի ականապատած տարածքներում 2020թ. նոյեմբերի 10-ից մինչև օրս ականների պայթյունից զոհվել է 37 ադրբեջանցի։ Նշված ժամանակահատվածում ականի պայթյունից վիրավորվել է 111 ադրբեջանցի զինվոր և 49 անձ։
Հիշեցում է արվում, որ Հայաստանը իր ռազմագերիների դիմաց Ադրբեջանին է հանձնել ականապատ տարածքների քարտեզներ։ «Բայց դրանք ունեն ընդամենը 25 տոկոս ճշգրտություն»,- դժգոհել է թուրքական աղբյուրը։