Ապրիլի 10-ին կայացած Արցախի ՏԻՄ արտահերթ ընտրությունների ժամանակ Մարտունու շրջանի Բերդաշեն համայքի թիվ 5/1 և Նորշեն համայնքի թիվ 5/3 ընտրատեղամասերում արձանագրվել են խախտումներ՝ քվերակության օրը, ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից գրանցվել են լրատվական միջոցների ներկայացուցիչներ, որոնք հավատարմագրված չեն եղել ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Այս մասին հաղորդում է Արցախի ԿԸՀ-ն։
«ԱՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի ներկայացուցիչները քվեարկության օրը կարող են իրականացնել ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո։
Ապրիլի 10-ի ՏԻՄ ընտրությունները և քվեարկության ընթացքը լուսաբանելու համար զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրման գործընթացը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում սկսվել էր մարտի 5-ին և ավարտվել մարտի 26-ին: Նշված ընտրությունները լուսաբանելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել էին Արցախի հանրային հեռուստառադիոընկերության՝ 15, «Արցախպրես» լրատվական կայքի՝ 3, «Սիվիլնեթ» լրատվական գործակալության՝ 4 և Ամարաս թերթի թվով 3 ներկայացուցիչներ»: