Հաճելի էր լսել, թե ինչպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ խոսել Կոսովոյի հարցով Միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության մասին։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Սա, միանշանակ, նախադեպային լուծում էր օնտոլոգիական սպառնալիքի տակ ապրող և իր ինքնորոշման իրավունքի համար պայքարող ժողովուրդների համար, որոնց մեջ Արցախի բնիկ ժողովուրդն առաջնային դիրքեր է զբաղեցնում։
«Ավելորդ է անգամ փաստարկներ բերել այն մասին, թե տասնամյակներ շարունակ ինչ ցեղասպանական քաղաքականության է ենթարկվել արցախահայությունը, ներառյալ Ադրբեջանի և Արցախի հայերի էթնիկ զտումները, հայրենազրկումը, մշակութային ժառանգության ոչնչացումը, հայատյացության համակարգային քաղաքականությունը և մի շարք այլ օնտոլոգիական սպառնալիքները, որոնց մասին վկայում է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը, ինչպես նաև բազմաթիվ այլ միջազգային կազմակերպությունների նմանատիպ փաստագրված փաստերը։
Հիմա հռետորական հարց. Ինչո՞ւ Կոսովոն կամ միջազգայնորեն չճանաչված մյուս երկրները պետք է օգտվեն փրկության և փոխհատուցման այդ միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը՝ ոչ, եթե այն համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր չափանիշներին:
«Պետք չէ մոռանալ այն բազմաթիվ դեպքերը, երբ միջազգային հանրությունը չի կատարել իր կանխարգելիչ պարտավորությունները, և արդյունքում տարբեր ժողովուրդներ ենթարկվել են Ցեղասպանության»,-նշել է Արցախի պետնախարարը։