Արցախից պնդում են՝ Պաշտպանության բանակից հրաժարվելու ծրագրեր չունեն։ Թե՛ Երևանից, թե՛ Ստեփանակերտից հայտարարում են՝ Արցախում հայաստանյան զորքեր չկան։ Այս մասին գրում է «Ազատությունը»։
«Պաշտպանության բանակից հրաժարվելը հավասարազոր է դավաճանության, Պաշտպանության բանակից հրաժարվելը կարող է նոր 1915 թվական բերել Արցախի ժողովրդի համար, ինչպես նաև հետագա զարգացումներով՝ ողջ Հայաստանի, Ադրբեջանը չի սահմանափակվում», – «Ազատության» հետ զրույցում ասել է Արցախի Ազգային ժողովի Պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:
Նաև իշխող «Ազատ հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» խմբակցությունը ղեկավարող Արթուր Հարությունյանն էր պնդում՝ բանակից հրաժարվել չեն պատրաստվում ինքնապաշտպանության համար։
Ղարաբաղից հայկական Զինված ուժերի դուրսբերում պահանջող Բաքուն հղում է անում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։
Իշխանական խմբակցության ղեկավարը հակադարձել է՝ նույն այդ հայտարարության կետերն Ադրբեջանը չի կատարում՝ հրադադարն է խախտում, չի վերադարձնում հայ գերիներին։
«Զինված ուժերի դուրսբերման հետ կապված այնտեղ գրված է՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը: Պատերազմից հետո նոր զորակոչ Հայաստանից չկա, և որը եղել է նախկինում, հիմա էլ արդեն չկա: Եթե խոսքը վերաբերում է ինքնապաշտպանության ուժերին կամ Պաշտպանության բանակին, իհարկե, չի կարող Արցախի Հանրապետությունը առանց ինքնապաշտպանության ուժերի մնալ: ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն Արցախի ժողովուրդն իրավունք ունի ինքնապաշտպանություն կազմակերպելու», – ասաց Հարությունյանը:
Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր ՀՀ Զինված ուժերը Ղարաբաղից դուրս բերելու, ինչպես նաև տարածաշրջանի «ապառազմականացման» անհրաժեշտության մասին: Օգոստոսի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով կառավարության նիստում, պաշտոնապես հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում չկան Հայաստանի Հանրապետության զինծառայողներ: