Բերձորի և Աղավնոյի բնակիչներն իրենց վերջին իրերն են հավաքում. սկսվել է անձնական գույքի տարհանման գործընթացը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի «Հանրային» հ/ը-ի ռեպորտաժից։
Քաշաթաղի բնակիչների անձնական գույքը տարհանելու նպատակով պետությունը մեկ ընտանիքի հաշվով տրամադրում է 250 հազար դրամ (125 հազար այն ընտանիքին, որտեղ մեկ հոգի է ապրում)։ Նշվում է, որ աջակցություն է ցուցաբերվում նաև Աղավնոյում չբնակվող, բայց այնտեղ գույք ունեցող քաղաքացիներին։ Գույքը տեղափոխելու համար նրանց տրամադրվում է դիզվառելիք։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հանդիպել է Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին Խանումյանը քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա նշել է, որ խոսքը Բերձորի, Աղավնոյի և Սուսի մասին է։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին հայտարարեց, որ Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը քիչ է համարում, իսկ Աղավնոյի համար պայքարելու են։