Արցախի խորհրդարանի խմբակցությունները Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարություն կընդունեն՝ կոչ անելով Երևանին հրաժարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ցանկացած տարբերակից, որը նախատեսում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, այսինքն՝ հրաժարվել հաշտության պայմանագրի «արևմտյան տարբերակից» և ընդունել Ռուսաստանի առաջարկած տարբերակը, գրում է «Հրապարակ»-ը։
Թերթը հայտնում է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նույնպես հանդես կգա հայտարարությամբ՝ կներկայացնի արցախյան հիմնախնդրի կարգավորման իր տեսլականը և կընդգծի Ռուսաստանի դերը։ Նախագահի հայտարարությունը, գրում է թերթը, ավելի մեղմ է լինելու, քան խորհրդարանինը։
Հոկտեմբերի 30-ին Արցախում տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ ժողով, դրան զուգահեռ՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։
Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, Սոչիում տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որը կքննարկի նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ֆորումի ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանը կաջակցի ցանկացած որոշման, որը կօգնի տարածաշրջանում խաղաղության հասնելուն և հաշվի կառնի երկու երկրների շահերը։
Պուտինը նաև նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի «վաշինգտոնյան տարբերակը» նախատեսում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Բաքվի ինքնիշխանության ճանաչում։ Միաժամանակ նա ընդգծել էր, որ Մոսկվան չի պատրաստվում Հայաստանին ինչ-որ բան պարտադրել կամ թելադրել։