ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Մարտունիում: Այս մասին հայտնում են ԱՀ կառավարությունից:
Ռուբեն Վարդանյանը հետաքրքրվել է բնակարանաշինական ծրագրերով և բնակարանային կարիքների բավարարման ընթացքով: Նա հատկապես ընդգծել է հերթագրման համակարգի թափանցիկության և արդարության սկզբունքների պահպանման կարևորությունը:
«Մարտունու շրջանը զգացել է պատերազմի ողջ ծանրությունը, բայց դուք կարողացել եք մեր հայրենիքը պաշտպանել: Հիմա կյանքը շարունակվում է, Մարտունի քաղաքը վերականգնվում է, ու դա ամենամեծ նվաճումն է: Ես սկսել եմ այս աշխատանքային հանդիպումները, որովհետև ուզում եմ ձեզ հետ կապ ստեղծել, հասկանալ խնդիրները, տեսնել, թե ինչպես եք դուք այստեղ պատկերացնում դրանց լուծումները, որպեսզի որոշումները լինեն հիմնավորված ու արդյունավետ»,-նշել է պետնախարարը:
Պետնախարարը պատրաստակամություն է հայտնել համայնքներին վերաբերող որոշումների կայացման գործընթացին մասնակից դարձնել հենց համայնքապետերին, լսել նրանց կարծիքներն ու մոտեցումները: «Որոշումները պետք է լինեն հիմնավորված, իսկ դրանց կայացման ընթացակարգերը՝ թափանցիկ: Մարդիկ պետք է իմանան, թե ինչ չափանիշներով են ընտրվում առաջնահերթ լուծման ենթակա խնդիրները»,- ընդգծել է Ռ. Վարդանյանը:
Պետնախարարը ծանոթացել է նաև Մարտունի քաղաքում իրականացվող պետական բնակարանաշինական ծրագրի ընթացքին, այցելել շինարարական հրապարակ: Ռուբեն Վարդանյանը նաև հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս և Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրա հուշարձանին: