Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել Ռուսաստանին: Պահանջում է, որպեսզի «Ռուսաստանն Ադրբեջանի համար Արցախի տարածքում օգտակար հանածոների հանքավայրերի հասանելիություն ապահովի»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանական կողմը, շարունակելով որպես պատճառաբանություն բերել բնապահպանական հարցը, նշել է, թե բազմիցս դիմել է խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը: Ըստ Ադրբեջանի՝ դիմել են ռուսական խաղաղապահ զորակազմին, իբրև թե, «բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը կանխելու, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության հետևանքները վերացնելու նպատակով»:
Ադրբեջանի ԱԳՆ-ում մտահոգություն են հայտնել՝ շեշտելով, թե իրենց դիմումներին պատասխան չի տրվել և «խաղաղապահ զորախմբի կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել Ադրբեջանի բնական պաշարների ապօրինի շահագործումը կանխելու համար»:
Ադրբեջանում նեղսրտել են, որ «բնապահպանական» պատճառաբանությամբ սադրանքը կանխվել է:
«Ընթացիկ տարվա դեկտեմբերի 3-ից բանակցություններ են անցկացվել Ադրբեջանի Հանրապետության համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչների և ռուսական խաղաղապահ զորախմբի միջև՝ ադրբեջանցի մասնագետների կողմից տարածքներ այցելելու և դրանց դիտարկման մեթոդները որոշելու նպատակով: Ու չնայած ձեռք բերված պայմանավորվածության, դեկտեմբերի 10-ին այդ տարածքներ այցելելու Ադրբեջանի ներկայացուցիչների փորձերը կանխվել են»,-ասել են Ադրբեջանի ԱԳՆ-ում՝ բողոքելով, որ ռուսական խաղաղապահ զորակազմը ոչ մի գործողություն չի ձեռնարկել՝ թողնելով, որ տեղի բնակչությունը կանխի այդ այցը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում տեղակայված՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրել էր իրականացնել այցելություն Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից թույլատրվել էր մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։ Այդուհանդերձ, տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ ծրագիրը սահմանված կարգով համաձայնեցված չի եղել ԱՀ իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ. նշված խմբի մուտքը հանքավայրերի տարածք հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել էր:
Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 3-ին ադրբեջանական կողմը հերթական սադրանքին էր դիմել՝ այս անգամ Արցախը Հայաստանին կապող ճանապարհահատվածին։ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ավելի ուշ ճանապարհն ապաշրջափակվել էր։