Կիպրոս-Արցախ միջխոհրդարանական բարեկամության խումբը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի դեմ ուղղված շարունակական ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։
«Լաչինի միջանցքը փակելու քարոզչական նախապատրաստական աշխատանքներն սկսվել էին դեռ ամիսներ առաջ: Ակնհայտ է, որ այդ սադրանքը կազմակերպվել է Ադրբեջանի պետական իշխանությունների կողմից՝ նպատակ ունենալով կտրել Լեռնային Ղարաբաղը Հայաստանից, հետևաբար նաև արտաքին աշխարհից»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը կանգնած է սկսվող պարենային և հումանիտար ճգնաժամի առաջ, և որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունը։
«Ադրբեջանի վարքագիծը բացահայտում է Արցախի և Սյունիքի հայերի նկատմամբ ցեղասպանությունը շարունակելու Բաքվի մտադրությանը: Բացի մեր գործողություններից, մենք՝ որպես Կիպրոս-Արցախ բարեկամության խումբ, կոչ ենք անում Կիպրոսի կառավարությանը և Ներկայացուցիչների պալատին, ինչպես նաև կիպրացի պատգամավորներին խնդրել միջազգային հանրությանը, այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ու անդամ երկրներին, ԵՄ-ին և ՌԴ-ին պատասխանատվություն ստանձնել և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու անմեղ մարդկանց դեմ այս հանցագործությունը»,- ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել էր Արցախի գազամատակարարումը։ Այն վերականգնվել է դեկտեմբերի 16-ին։