Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը տեղեկություններ է հաղորդել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայից:
«Ցուցարարների հետևողական պահանջների արդյունքում գրասենյակի համակարգողի պաշտոնակատար Քրիստին Վեյգանդը իջավ բակ և հանդիպեց ինձ ու Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին: Մենք ներկայացրեցինք Արցախի առկա վիճակը և մեր պահանջներն ու ակնկալիքները ՄԱԿ-ից:
Նա հավաստիացրել է, որ Արցախի և մեր ակցիաների մասին բոլոր հիմնական տեղեկությունները իրենք փոխանցել և փոխանցելու են ՄԱԿ-ի կենտրոնակայան: Մենք պնդել ենք, որ ՄԱԿ-ի բոլոր մարմինները պետք է իրենց պարտավորությունները պատշաճորեն կատարեն և ժամանակին արձագանքեն Արցախի ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, այդ թվում՝ ադրբեջանական շրջափակմանը: Մեր պահանջների վերաբերյալ գրավոր մանրամասները կհրապարակեմ առանձին գրառմամբ»,-նշել է Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:
Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը: