Այսօրվանից հրապարակավ խոսելու ենք այն մարդկանց մասին, որոնք շրջանցում են ընդունված օրենքները։ Այս մասին Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Վարդանյանի խոսքով՝ ամեն օր հրապարակվելու են այն մարդկանց անունները, որոնք իրենց պարտականությունները ճիշտ չեն կատարում կամ փորձում են օգտագործել այս իրավիճակն իրենց օգտին։
«Ամոթանքն ամենակարևոր արձագանքն է, ոչ թե միայն օրենքով պատժելը։ Ասեմ Ասլանյան Կարմենի մասին, այսպես չի կարող շարունակվել, նա չի հասկանում, որ պետք է կատարի իր աշխատանքը։ Մյուս դեպքն անտարբերությունն է։ Ունենք Ծովատեղ համայնք, որտեղ 2 օր հաց չկար, համայնքի ղեկավար Աբրահամյան Սամվելի անտարբերությամբ հարցը չէր լուծվում։ Նման դեպքերն անընդունելի են»,- նշեց Վարդանյանը։
Արցախի պետնախարարն ընդգծեց, որ կան մարդիկ, որոնք տարբեր պատճառներով մնացել են Հայաստանում․ «Ձևակերպել եմ արձակուրդ, որովհետև այս իրավիճակն իրենց մեղքով չի ստեղծվել»։
Վարդանյանը նշեց, որ իրավիճակն Արցախում անորոշ է, շատ հարցեր բաց են, ուստի սկսում են հանդիպումների շարք՝ իրավիճակը համայնքներում ավելի լավ հասկանալու համար։
«Ընդհանուր աշխատում ենք, խուճապ չկա, վստահ եմ՝ այս ամենից միայն ուժեղանում ենք։ Պիտի ընդունենք իրականությունը և շարժվենք առաջ»,- շեշտեց Վարդանյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել էր Արցախի գազամատակարարումը։ Այն վերականգնվել է դեկտեմբերի 16-ին։