Ինձ մտահոգում է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակը, հանուն մարդկանց բարօրության՝ բոլորին խնդրում եմ խաղաղ լուծումներ գտնելու հանձնառու լինել։ Ինչպես հայտնում է Vaticannews-ը, կիրակնօրյա աղոթքն այս խոսքերով է սկսել Հռոմի Պապը։
Նշվում է, որ նա կոչ է արել բացել միջանցքը։ Նա իր մտահոգությունն է հայտնել Արցախի 120,000 հայերի համար, որոնց շարքերում 30,000 երեխա կա։
«Մասնավորապես՝ մտահոգ եմ բնակչության համար, որոնք մարդկային անկայուն պայմաններում են։ Այդ պայմանները կարող են էլ ավելի վատթարանալ ձմեռային եղանակի պատճառով»,-ասել է Հռոմի Պապը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:
Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը: