Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ այսօր հրավիրվել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի օրակարգում Արցախում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն էր: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական կայքից:
Քննարկվել են Արցախի Հանրապետության անվտանգության և ժողովրդի կենսապահովման համար ձեռնարկվող քայլերը, հումանիտար աղետի կանխման հնարավորությունները:
Նախագահ Հարությունյանը քննարկված հարցերի վերաբերյալ մի շարք հանձնարարականներ է տվել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։