Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցնում է, որ գործադիր և օրենսդիր իշխանությունները բոլոր գործընկերների հետ միասին մեծ աշխատանք են տանում Լաչինի միջանցքը հնարավորինս արագ բացելու ուղղությամբ։ Այս մասին ԱԺ արտահերթ նստաշրջանում ունեցած իր ելույթում ասաց Գրիգորյանը:
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության գործադիր և օրենսդիր իշխանությունները լայնածավալ աշխատանքներ են կատարում իրենց բոլոր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս շուտ տեղի ունենա Լաչինի միջանցքի բացումը և միջանցքի գործառույթը վերադառնա իր նախկին կարգավիճակին, այսինքն՝ մարդկանց, բեռների և ապրանքների փոխադրումն ընթանա անխափան, առանց որևէ վերահսկողության»,- ասաց ԱԽ քարտուղարը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: