Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը:
«Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնը Ալիևին հայտնել է Հարավային Կովկասում լարվածության վերսկսման հետ կապված խիստ մտահոգության մասին և կոչ է արել թույլ տալ ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի ողջ երկայնքով»,- հայտնում է աղբյուրը։
Մակրոնն Ալիևին կոչ է արել հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագիրը և ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, հայտնում է աղբյուրը։
«Մակրոնը խոսել է հումանիտար կազմակերպություններին և ՄԱԿ-ի գործակալություններին տուժած բնակչության մոտ անարգել մուտք ապահովելու հրատապության մասին։ Ալիևը հայտարարել է միջանցքով ազատ տեղաշարժ ապահովելու մտադրության մասին»,- գրում է Ելիսեյան պալատը։
Անդրադառնալով տարածաշրջանում «օգտակար հանածոների ապօրինի շահագործման» վերաբերյալ Ադրբեջանի մտահոգություններին՝ երկու նախագահներն էլ կարևորել են գոյություն ունեցող չափանիշներին հետևելը։
«Ի վերջո, երկու նախագահները պայմանավորվել են շարունակել բանակցությունները շահագրգիռ կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն քաղաքական լուծում գտնելու համար, և առաջիկա շաբաթներին կրկին կխոսեն միմյանց հետ»,- ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:
Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին: