Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Արցախի հարյուրավոր քաղաքացիներ նախ հավաք են կազմակերպել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ապա քայլերթով գնացել են Շուշի՝ ռուսական խաղաղապահ զորակազմի անցակետ, որտեղ ներկայացրել են իրենց պահանջը՝ կատարելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով Լաչինի միջանցքով բնականոն երթևեկությունը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի նախաձեռնողներից Տիգրան Պետրոսյանը տեղեկացրեց՝ ռուս խաղաղապահները հավաստիացրել են, որ դեկտեմբերի 26-ին բացվելու է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը:
«Ընդ որում՝ նրանք հասվաստիացրին, որ ադրբեջանցիների կողմից ճանապարհը բացելուց հետո ընդհանրապես ոչ մի անցակետ տեղադրելու մասին խոսք լինել չի կարող»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։
Տ. Պետրոսյանի խոսքով՝ նախաձեռնության մասնակիցները հիմք են ընդունել ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցչի խոսքը և հետամուտ կլինեն հետագա զարգացումներին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:
Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին: