Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ Հանրապետությունը պատրաստվում է Ադրբեջանի կողմից «երկարաժամկետ շրջափակմանը»:
Reuters-ին տված հարցազրույցում Վարդանյանը հայտարարել է, որ շրջափակումը հոգեբանական մեծ ճնշում է գործադրում բնակչության վրա։ «Մենք սոված չենք մնա, քանի որ սնունդը բավարար է։ Սակայն որոշ ապրանքներ մենք չենք կարող ստանալ մեր ներքին շուկայում», – ասել է նա՝ հավելելով, որ վառելիքի և որոշ դեղամիջոցների պակաս կա։
«Առջևում երկար ձմեռ է։ 100 օր կամ ավելի ժամանակ կպահանջվի, մինչև մենք ստանանք որևէ հացահատիկ կամ խոտ կամ որևէ այլ սնունդ, որը մենք կարող ենք աճեցնել մեր սեփական հողի վրա: Այդ պատճառով մենք մեզ նախապատրաստում ենք նրան, որ դա երկարաժամկետ շրջափակում կլինի», – մեջբերում է գործակալությունը պետնախարարի խոսքը։
Վարդանյանի խոսքով՝ Ադրբեջանը շրջափակումն օգտագործում է Լեռնային Ղարաբաղից հայ բնակչությանը դուրս մղելու համար՝ փորձելով համոզել նրանց, որ իրենք «ապագա չունեն» տարածաշրջանում։ «Ձմեռը դա անելու լավագույն ժամանակն է։ Նրանք վերահսկում են գազը, վերահսկում են էլեկտրաէներգիան, վերահսկում են ինտերնետը: Նրանք կարող են անել այն, ինչ ուզում են», – հավելել է նա։
Պետնախարարը հայտնել է, որ ստիպված են եղել փոխել Հանրապետությունում Նոր տարին և Սուրբ Ծնունդը նշելու պլանները, քանի որ ամեն ինչի պակաս է առաջացել՝ շաքարից և մրգերից մինչև ծխախոտ և շինանյութեր: «Մենք նախատեսում էինք նվերներ բերել (Հայաստանից) մինչև 6 տարեկան 12 000 երեխաների համար։ Հիմա նրանք բոլորը սպասում են Սանտա Կլաուսին, բայց ես չգիտեմ, թե ինչպես կարող ենք դա անել», – ասել է Վարդանյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:
Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին: