Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հանդիպել է առաքող և արտադրող ընկերությունների ղեկավարների հետ՝ տեղեկանալու Ադբրեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում նրանց խնդիրների մասին, ինչպես նաև քննարկելու պարենային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Խորհրդակցության մասնակիցները պետնախարարին հավաստիացրել են, որ շրջափակման իրավիճակում իրենց համար առաջնային է հանրային ու պետական շահը, և պատրաստակամություն են հայտնել կառավարության հետ համագործակցված աշխատել՝ ճգնաժամին միասնաբար դիմակայելու համար: Գործարարներն առաջարկել են նաև անհրաժեշտության դեպքում դիտարկել իրենց տնօրինության տակ գտնվող ենթակառուցվածքների օգտագործման հնարավորությունը՝ առկա պաշարները պահպանելու և համաչափ բաշխելու հարցում:
Ռուբեն Վարդանյանը ողջունելի է համարել նրանց մոտեցումն ու դիրքորոշումը՝ ընդգծելով այս բարդ իրավիճակում առկա խնդիրների քննարկման և համատեղ լուծումներ գտնելու կարևորությունը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:
[