Քիչ առաջ ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչը համաձայնել է և հանդիպել Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում ակցիա իրականացնող արցախցիների պատվիրակին՝ Տիգրան Պետրոսյանին:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպումից հետո Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել է, որ խաղաղապահ զորակազմի ներկայացուցչին է փոխանցել Անդրեյ Վոլկովի հետ հանդիպելու իրենց պահանջը:
Ակցիայի նախաձեռնող տեղեկացրել է, որ մնալու են օդանավակայանի տարածքում մինչև հանդիպեն Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ և նրան փոխանցեն իրենց պահանջները
«Կոնկրետ Անդրեյ Վոլկովի հետ պիտի հանդիպենք և իրեն ասենք, որպեսզի մեր պահանջները փոխանցի վերադասին: Կսպասենք այնքան մինչև մինչև ճանապարհը բացվի, որովհետև սա մեր արդարացի պահանջն է: Պետք է հասկանան, որ այստեղ ժողովուրդ է ապրում, ով ազատություն և կյանքի իրավունք է պահանջում», – ընդգծել է Տ.Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:
Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ: