Եվրախորհրդարանի պատգամավոր Պիտեր վան Դալենը կոչ է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին շտապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար։
«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական շրջափակման դաժան արդյունքները. դատարկ խանութներ ու հուսահատ մարդիկ. Ինչո՞ւ է ԵՄ-ն լռում. Չեմ հասկանում։ Ժոզեպ Բորել, պետք է գործել հիմա»,- գրել է նա՝ կիսվելով BBC-ի՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին հոդվածով:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։