Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում գտնվող արցախցիների կեցությունը և սննունդը ապահովելու համար կառավարությունը Երևանի քաղաքապետարանին հատկացրեց 18 650 000, իսկ Սյունիքի մարզպետարանին՝ 96 200 900 դրամ գումար։ Ըստ նախագծի՝ Հայաստանում է մնացել ԼՂ-ի 506 քաղաքացի։
Նրանք 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած դիմել են Հայաստանում ԼՂ օպերատիվ շտաբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության գրասենյականեր Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով կեցություն չունենալու խնդրով։ Վերջիններս քաղաքացիներին տեղավորել են տարբեր հյուրանոցներում, այդ թվում նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի հյուրանոցներում։
Երևան քաղաքի և Գորիս համայնքի շուրջ 17 հյուրանոցներում հյուրընկալվել է շուրջ 506 քաղաքացի, այդ թվում՝ Երևան քաղաքի 3 հյուրանոցում՝ 100, իսկ Գորիս համայնքի 14 հյուրանոցում 406 քաղաքացի։
Ծառայությունների արժեքը առ հունվարի 9-ի դրությամբ կազմում է 142 011 500 ՀՀ դրամ։ ՀՀ Սյունիքի մարզպետարանի կողմից վճարվել է 27 160 600 ՀՀ դրամ, որից 9 387 600 ՀՀ դրամը ՀՀ պետական բյուջեից, 17 773 000 ՀՀ դրամը՝ ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամի միջոցներից:
Հյուրանոցներին վճարման ենթակա գումարը հունվարի 09 դրությամբ կազմում է 114 850 900 դրամ։