Արցախի մեր գործընկերների հետ որևիցե քննարկում չկա։ Այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հինգերորդ նստաշրջանի առաջին նիստի ժամանակ պատասխանելով «Հայաստան» դաշինքնի պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե որևէ քննարկում ստեղծված իրավիճակում իրականացվո՞ւմ է։
«Դուք հանդիսանում եք Հայաստան և Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ։ Չնայած մի քանի անգամ ընդդիմությունը առաջարկել-պահանջել է, որ տեղի ունենա նիստ, բայց այդպես էլ չի կայացել»,- ասաց Մինասյանը՝ հարցնելով, թե Լաչինի միջանցքի հետևանքով փակ ճանապարհի պայմաններում չի՞ նախատեսվում քննարկում որևէ ձևաչափով։
«Նախատեսվում էր հանդիպում սեպտեմբերի 19-ին, սակայն սեպտեմբերի 13-14-ի դեպքերի պատճառով այն հետաձգվեց։ Ստեղծված պայմաններւմ հանդիպում նախաձեռնելը մի քիչ դժվար է»,- ասաց ԱԺ նախագահը։
Ըստ Մինասյանի՝ գուցե սա հենց այն առիթն է, երբ պետք է հիմքեր ստեղծել մեկնելու կամ առցանց տարբերակով քննարկում կազմակերպելու, քանի որ միջազգային հանրությունը պետք է տեսնի, որ Հայաստանը կատարում է ստանձնած պարտավորությունը, որոնք հաստատվել են նաև իրենց կողմից։
ԱԺ նախագահը առցանց քննարկում անցկացնելու մասին խոստացավ ուսումնասիրություն կատարել ու արցախցի գործընկերների ցանկության դեպքում իրականացնել։
Մանրամասները՝ տեսանյութում։