Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 18-ին անց է կացվել Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել են նաև Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նիստում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման պատճառով Արցախում արդեն 38 օր տևող հումանիտար ճգնաժամի հետևանքները, քննարկվել են դրանց հաղթահարման մեխանիզմները։
ԱՀ նախագահը տեղեկացրել է, որ հունվարի 15-ին ռուսական կողմի միջնորդությամբ կազմակերպվել է հաղորդակցություն ադրբեջանական կողմի հետ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով: Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ մայրուղու վերաբացման ուղղությամբ որևէ առաջընթաց չի արձանագրվել: Դրա փոխարեն, հունվարի 17-ին գազամատակարարման խաթարման հետևանքով ստեղծվել են նոր լրջագույն խնդիրներ:
ԱՀ ԱԽ նիստում ընդգծվել է սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացվող քայլերը ճգնաժամային իրավիճակին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը։ Լիազոր պետական կառույցների ղեկավարներին Հանրապետության նախագահը տվել է հանձնարարականներ։ Օպերատիվ շտաբի պետ, պետական նախարար Ռուբեն Վարդանյանն առաջիկայում կներկայացնի շրջափակման պայմաններում բնակչության կենսագործունեության հետագա ապահովման, հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ կոնկրետ առաջարկներ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: