Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման և հումանիտար աղետի խորացման մասին, որում նշված է.
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը և 2020թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտականությունները, դեկտեմբերի 12-ից սկսած բնապահպանական կեղծ պատրվակով խորացնում է Արցախի շրջափակման քաղաքականությունը:
Շարունակվող լիակատար շրջափակման և ձմռան պայմաններում էլեկտրաէներգիայի, համացանցի, իսկ 2023թ․ հունվարի 17-ից նաև գազի մատակարարման հերթական խափանումները Արցախի Հանրապետության ազգաբնակչությանը կանգնեցնում են հումանիտար աղետի եզրին։ Դրան գումարվել է նաև հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը խաղաղապահների ուղեկցությամբ Գորիսից Ստեփանակերտ վերադարձող 19 երեխաների նկատմամբ «էկոակտիվիստ»-ների ահաբեկչական գործողությունները, և այդ ամենը ադրբեջանական մամուլում ու սոցիալական ցանցերում տարածելը:
Արցախի Հանրապետության ազգաբնակչության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակվող սողացող պատերազմը տեղի է ունենում աշխարհի՝ գրեթե լուռ համաձայնությամբ: Այն նպատակ ունի կոտրել արցախահայության կամքը և տասնյակ հազարավոր մարդկանց էթնիկ զտումների միջոցով բռնատեղահանել իրենց պատմական հայրենիքից։ Նմանօրինակ քայլերով Ադրբեջանը փորձում է նաև ձախողել տարածաշրջանում պատերազմի օջախների մարմանն ու հակամարտությունների կարգավորմանն ուղղված միջազգային կառույցների և տարբեր երկրների ջանքերը։
2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմեր հանդիսացող Հայաստանի Հանրապետությանը և Ռուսաստանի Դաշնությանը կոչ ենք անում հրատապ միջոցներ ձեռնարկել Արցախը ապաշրջափակելու և հումանիտար աղետը կանխելու համար:
Հորդորում ենք միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ երկրներին հայտարարություններից և կոչերից զատ գործնական քայլերով կանխել Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները:
Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները արժանապատվորեն հաղթահարելու նպատակով դիմում ենք համայն հայությանը՝ համապատասխան քայլեր ձեռնարկել սանձելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և պաշտպանելու սեփական հողում ապրելու արցախահայության օրինական իրավունքը։
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական hայրենիք» խմբակցություն
«Արդարություն» խմբակցություն
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: