Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հաջողվել է համոզել Վիտալի Բալասանյանին և մոտ օրերս, ամենայն հավանականությամբ, նրան կնշանակի ռազմական գծով խորհրդական և կլիազորի շարունակել բանակցություններն ադրբեջանցիների հետ: Մի բան, որը Բալասանյանն անում էր ԱԽ քարտուղարի պաշտոնում։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Հիշեցնենք, որ Բալասանյանի ազատման հարցն առաջ էր քաշել Ռուբեն Վարդանյանը՝ պնդելով, որ նա չի կարող պաշտպանել Արցախի շահերը, քանի որ, որպես բանակցող, հակված է կատարելու Ադրբեջանի պահանջները: Ավելին, Վարդանյանը կարծում է, որ Ադրբեջանի հետ բանակցելու թեմա առհասարակ չկա՝ դա կարելի է հազվադեպ դեպքերում, որովհետեւ Ադրբեջանի նպատակը ոչ թե բանակցելն է, այլ բանակցությունների միջոցով Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության հասնելը։
Արայիկ Հարությունյանը Վիտոյին կրկին ասպարեզ բերելով՝ մի քանի հարց է լուծում․ փորձում է ադրբեջանցիներին ցույց տալ, որ դեմ չէ բանակցելուն, իսկ Նիկոլ Փաշինյանին ցույց է տալիս, որ Ռուբեն Վարդանյանը չէ որոշումներ կայացնողը, և, ի հեճուկս վերջինիս ցանկության, Բալասանյանին կրկին վերադարձնում է իր աշխատանքին»-գրում է թերթը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վիտալի Բալասանյանն ազատվել էր Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Այդ պաշտոնում նշանակվել էր Արարատ Մելքումյանը։
Ամբողջական հոդվածը՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: