Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երկու հիվանդներ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Գերատեսչությունից մանրամասնում են, որ հիվանդներից մեկը 34 շաբաթական հղի է, ունի արգանդի միոմա, վիճակ՝ ստամոքսի մասնահատումից հետո, տարիքավոր առաջնածին, ճարպակալում IV աստիճան, իսկ մյուսը ողնաշարի L4-L5 միջողային սկավառակի ճողվածք՝ ցավային համախտանիշով։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 36 հիվանդ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: