Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին է ներկայացրել Արցախում նախատեսվող սահմանադրական փոփոխությունների մանրամասները։ Առաջարկվող փոփոխությունները խորհրդարանին թույլ կտան ֆորսմաժորի կամ ռազմական դրության ժամանակ գործող նախագահի մահվան կամ հրաժարականի դեպքում Արցախի նոր նախագահ ընտրել։
Պատգամավորը նշել է, որ գործող Սահմանադրության համաձայն՝ պետության ղեկավարի հրաժարականից կամ մահվանից հետո խորհրդարանը կառավարության հետ ավտոմատ կերպով ցրվում է։
Ըստ փոփոխությունների՝ խորհրդարանը կկարողանա նախագահի ընտրություններ նշանակել նրա հրաժարականից ոչ շուտ, քան 7 օր, և ոչ ուշ, քան նրա հրաժարականից կամ մահվանից 10 օր անց։
«Դրա համար կպահանջվի ձայների բացարձակ մեծամասնությունը (պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը)։ Ուղղումներում ընդգծվում է, որ նախագահի պաշտոնի թեկնածուներ կարող են առաջադրել խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը: Եթե թեկնածուներից ոչ ոք բավարար ձայներ չհավաքի, մեկ շաբաթ անց պետք է անցնի ընտրությունների երկրորդ փուլը։ Դրան կմասնակցեն երկու թեկնածուներ, որոնք կհավաքեն պատգամավորների առավելագույն ձայները։ Նրանց կընտրեն ձայների պարզ մեծամասնությամբ։ Եթե երկրորդ փուլում էլ չհաջողվի նախագահ ընտրել, նախատեսվում է արդեն նոր թեկնածուներով խորհրդարանի նոր նիստ գումարել»,-ասել է պատգամավորը՝ նշելով, որ այդ ընթացքում նախագահի լիազորությունները ժամանակավորապես դրվում են Ազգային ժողովի նախագահի վրա։
Երեկ հայտնի դարձավ, որ Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխություն՝ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքի համար։ Գործող Սահմանադրությամբ՝ նախագահի հրաժարականից հետո մեխանիկորեն լուծարվում է թե՛ կառավարությունը, թե՛ խորհրդարանը։ Վերոնշյալ փոփոխությունից հետո ֆորսմաժորային կամ ռազմական դրության ժամանակ, նախագահի հրաժարականի (մահվան) դեպքում, խորհրդարանը կարող է նոր նախագահ ընտրել։ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվել է Արցախի Ազգային ժողովի քննարկմանը, սակայն դեռ չի հրապարակվել։