Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը՝ հայտարարելով, որ սա երկար ճանապարհի միայն սկիզբն է։ Այս մասին տեղեկանում ենք Ռուբեն Վարդանյանի Facebook-յան էջից:
«Իմ պաշտոնավարման 100 օրվանից 67-ը շրջափակման մեջ է անցել: Այսինքն, 1600 ժամ շրջափակման մեջ ենք: Այս իրողություններում ձեռքբերում եմ համարում այն, որ Օպերատիվ շտաբը կարողացավ կատարել իր առջև դրված խնդիրները, լուծումներ գտնել ամեն օր ի հայտ եկող նոր մարտահրավերներին և, ամենակարևորը, ամեն կերպ կանխել տարբեր ոլորտներում հնարավոր կոլապսի առաջացումը»-ասել է Վարդանյանը՝ շեշտելով նաև, որ 100 օրը, բարդությունների հետ մեկտեղ, նաև զարմանալի բացահայտումների շրջան էր:
«Ես, առաջին հերթին որպես մարդ, որը ստանձնել է պետնախարարի պաշտոնը, փորձել եմ ուսումնասիրել ու հասկանալ` ինչ է կատարվում պետական համակարգում ու Արցախում: Փորձել եմ թույլ չտալ ձախողվել ծանրագույն ճգնաժամի պայմաններում: Սա միասնական պայքարի ու դիմադրության փուլ է բոլորիս համար: Այս ամբողջ ընթացքում մենք եղել և շարունակում ենք մնալ մշտական արտաքին ճնշման ու ներքին հակադրության պայմաններում, որոնց, սակայն, չի հաջողվել խաթարել մեր ծրագրերը»-ասել է Ռ. Վարդանյանը՝ ընդգծելով, որ այսօր վստահ կարող է ասել, թե ինչ է Արցախը:
«Ավելի քան երկու ամիս տևող այս շրջափակման ժամանակ տեսանք, որ մեր ժողովուրդը չի ցանկանում հանձնվել և հրաժարվել Արցախից: Պատրաստ է հանդուրժել ամեն դժվարություն, ունի բավարար կամք ու համառություն՝ այս փորձությունների միջով անցնելու համար: Արժանի պետք է լինենք այս ժողովրդին առաջնորդելուն: Մենք ունենք ամեն ինչ՝ պատմական այս բարդ փուլը հաղթահարելու համար՝ հավատ, կամք, ոգի ու միասնականություն: Ես հավատում եմ, որ ոգին ու կամքը անգամ չնչին հնարավորության դեպքում կարող են հաջողություն բերել: Ու ես ինձնից կախված ամեն ինչ անելու եմ դրա համար: Սա երկար ճանապարհի միայն սկիզբն է»,-հայտարարել է պետնախարարը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: