Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման 3 դեպքի մասին։
«Հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրվել Մարտակերտի և Շուշիի շրջաններում։ Տուժածներ չկան», – ասված է գերատեսչության փետրվարի 22-ի տեղեկագրում։
Նշվում է, որ այս փաստերի համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։
Ավելի վաղ Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ փետրվարի 21-ին ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային և արևելյան հատվածներում կրակ է բացել ՊԲ դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև հրաձգային զինատեսակներ: Արցախի պաշտպանական գերատեսչությունը հերքել է նաև Պաշտպանության բանակի կողմից գնդակոծությունների մասին Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը։
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր նաև փետրվարի 21-ին։