Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյանենը պատասխանել է արցախցի կանանց նամակ-հանրագրին, որով նրանք ավելի վաղ նրան կոչ էին արել օգնել Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում:
Այս մասին Facebook-ում հայտնել է «Արցախի կանայք հանուն Արցախի ապագայի» նախաձեռնությունը՝ հրապարակելով Ուրսուլա ֆոն դեր Լյանենը պատասխան նամակը։
Լեռնային Ղարաբաղի կանանց ուղղված փաստաթղթում Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ ԵՄ-ն լուրջ մտահոգությամբ է հետևում 2022 թվականի դեկտեմբերի սկզբից Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաեւ հասկանում է, որ Լաչինի միջանցքով տեղաշարժի սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը և հումանիտար խնդիրներ առաջացնում:
«Թույլ տվեք հավաստիացնել ձեզ, որ ԵՄ-ն շարունակում է մոբիլիզացնել դիվանագիտական ջանքերը իրավիճակի հանգուցալուծման համար: ԵՄ-ն բազմիցս կոչ է արել Ադրբեջանին և ներգրավված բոլոր մյուս կողմերին կոչ է արել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունների համաձայն իրենց իրավասության ներքո միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը: Այդ նպատակով ԵՄ-ն տարբեր մակարդակներում կանոնավոր շփումներ է պահպանում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ»,-ասվում է նամակում:
Խոսելով հայաստանում ԵՄ-ի քաղաքացիական առաքելության մասին՝ նա նշել է. «Առաքելությունը Եվրամիության շարունակական աջակցության հստակ ապացույց է, որն ուղղված է դեէսկալացիային, երկու կողմերի հետ սերտ համագործակցության հանձնառությանը, տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելուն»:
Այս տարվա հունվարին «Արցախի կանայք հանուն Արցախի ապագայի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը կարողացել է արգելափակել և ջնջել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին ուղղված Արցախի կանանց առցանց հանրագիրը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: