Ադրբեջանական կողմը կարողացել է արգելափակել և ջնջել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին ուղղված Արցախի կանանց առցանց հանրագիրը։ Այս մասին հայտնում է «Արցախի կանայք հանուն Արցախի ապագայի» քաղաքացիական նախաձեռնությունը։
«Չբավարարվելով դեկտեմբերի 12-ից Արցախում 120 000 հայերի շրջափակմամբ՝ ադրբեջանցի սադրիչները գտել են հունվարի 26-ին կայքում տեղադրված առցանց հանրագրի հղումը արգելափակելու միջոց change.org և ջնջել այն», – ասվում է նախաձեռնության Facebook-ի էջում տեղադրված գրառման մեջ։
Հանրագրի նախաձեռնողները դատապարտել են այն փաստը, որ «Արցախի կանանց օգնության կոչերը լռեցվել են Ադրբեջանի կողմից»։ Ավելի վաղ նախաձեռնությունը հայտնել էր, որ խնդրագիրը հաջողությամբ հավաքել է ձայներ (24 ժամում գրեթե 4000 ձայն), սակայն հաքերային հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից:
Ուրսուլա ֆոն դեր Լյայենին հասցեագրված հունվարի 26-ին հրապարակված խնդրագրում արցախցի կանայք կոչ են արել նրան ամեն ինչ անել Ադրբեջանի շրջափակումը դադարեցնելու համար։
«Մենք մեր երեխաների հետ սովամահ ենք լինում և սառչում ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Ադրբեջանը մեզ շրջափակման մեջ է պահում, փակում է գազը և կտրում էլեկտրաէներգիան, որը գալիս է մեզ Հայաստանից։ Դա էներգետիկ և մարդասիրական ահաբեկչություն է», – ասվում էր խնդրագրում։
Հեղինակները հիշեցրել են, որ ֆոն դեր Լյայենն անցած ամռանը համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների ավելացման մասին։ «Եվրոպայի երեխաները տաք կլինեն, մինչդեռ մեր երեխաները նույնիսկ չեն կարող հաճախել դպրոցներ և մանկապարտեզներ, քանի որ ջեռուցում չկա։ Մեր բժիշկները չեն կարողանում վիրահատություններ անել, կյանքեր փրկել։ Մենք՝ 120 000 մարդս, Ալիևի գերության մեջ ենք», – հայտարարել են նրանք։
Հանրագրում ընդգծվում էր, որ Լաչինի միջանցքն Արցախի միակ կապն է աշխարհի հետ և դեկտեմբերի 12-ից այն արգելափակվել է Ադրբեջանի կողմից։ Արդյունքում՝ Արցախում երեխաները մնացել են առանց սննդի, էլեկտրականության, ջեռուցման, բուժօգնության և դեղորայքի հասանելիության, սովորելու հնարավորության և ապագայի իրավունքի։
«Մենք կարող ենք շատ բան դիմանալ հանուն մեր երեխաների, բայց մենք շտապ օգնության կարիք ունենք և ձայնի կարիք ունենք։ Մենք չենք լռելու, քանի դեռ մեր երեխաներին սպանում են։ Մենք ձեզ դիմում ենք ոչ միայն որպես աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը, այլ նաև որպես մայր, ով սիրում է իր յոթ երեխաներին և փայփայում է իր գեղեցիկ ընտանիքը: Մենք խնդրում ենք ձեզ կանգնել Արցախի կանանց և երեխաների կողքին և անել այն ամենը, ինչ ձեր ուժերի սահմաններում է, որպեսզի դադարեցնեք Ադրբեջանի կողմից սանձազերծված դաժան շրջափակումը», – ասվում էր խնդրագրում։