Արցախում 3+2 ձևաչափով բանակցություններ են սկսվել ադրբեջանական անցակետի շուրջ, գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով արցախյան իր աղբյուրներին։
Ըստ աղբյուրի, ապրիլի 26-ից բանակցություններին մասնակցում են ռուս խաղաղապահների հրամանատար նշանակված գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը, ռուսական ՓՍԲ-ի ևս մեկ ներկայացուցիչ, մյուս կողմից` ադրբեջանցի երկու պաշտոնյա։ Հայկական կողմը, ըստ հրապարակման, ներգրավված չէ։
Ռուսական կողմի խնդիրն է ապահովել, որ ադրբեջանցիները հանեն անցակետը և տեղադրեն միայն ռենտգեն-սքաներ, մանրամասնել է թերթը։ «Որպեսզի ռուս խաղաղապահների անմիջական հսկողության ներքո ստուգվեն Արցախ մտնող բեռնատար մեքենաները, իսկ ադրբեջանական կողմը գործընթացին առցանց հետևի»,- գրում է թերթը։
Ապրիլի 26-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի փոփոխության մասին: Գերատեսչության տվյալներով՝ խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել Ալեքսանդր Լենցովը:
Ադրբեջանը ապրիլի 23-ից փակել է Հայաստանը Արցախին կապող Հակարի կամուրջը, որը գտնվում է Լաչինի միջանցքում: Բաքվում հայտնել են, որ այնտեղ նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով, որ դա արվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»:
Արցախի անվտանգության խորհուրդը կոչ է արել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանին անհապաղ քննարկումներ սկսել Արցախի շրջափակումը վերացնելու, Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը կանխելու և Հանրապետության ժողովրդի անվտանգության իրական երաշխիքներ ապահովելու ուղղությամբ։
ԱՄՆ պետքարտուղարությունը նույն օրը ուշ երեկոյան հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի շրջանակներում վստահության ձևավորման ջանքերը: Ռուսաստանի ԱԳՆ-ն ապրիլի 24-ին, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթների խախտմամբ ցանկացած միակողմանի քայլերի անընդունելիությունը։
Բացի այդ, «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմից անցակետ տեղադրելու վերաբերյալ: Այս մասին Armenia Today-ին տեղեկացրել էր Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը։ Նրա խոսքով՝ բողոքի բովանդակությունը կներկայացնեն դատարանից պատասխան ստանալուն պես: