Մայրաքաղաքի Մշակույթի և երիտասարդության պալատում Արցախի պետական ակադեմիական երգչախմբի կողմից բեմադրվել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» (Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի մոտիվներով) օպերան։ Այս մասին հայտնում է Արցախպրեսը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի պետական ակադեմիական երգչախմբի դիրիժոր Նինա Գրիգորյանը, երաժշտական արվեստում որպես իրադարձություն կարևորելով բեմադրությունը, նշել է, որ այն նաև երկու գլուխգործոցի ապոթեոզ է:
Գլխավոր հերոսուհու դերակատար Էլինա Ջամալյանն արդեն երկրորդ անգամ է հանդիսատեսին ներկայանում Անուշի դերում:
«Միշտ երազել եմ Անուշ երգել, որն իրականություն է դարձել: Շրջափակման հետևանքով ռեժիսորը չկարողացավ գալ, փորձեցի հիշել որոշ դրվագներ ու փորձերից հետո բեմ բարձրացա»,-հավելել է Է.Ջամալյանը:
Բեմադրությանը ներկա էր Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը: