Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ վերականգնվել է, հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
«Այսօր՝ հունիսի 25-ին, ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու՝ 9 ուղեկցողների հետ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ՝ տասնօրյա լիակատար արգելափակումից հետո»,-տեղեկացնում են ԱՀ ԱՆ-ից՝ հատյտնելով, որ դեռևս բազմաթիվ բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը ՀՀ և Արցախ։
Բացի այդ, այսօրվա ընթացքում նախատեսվում է ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 16 բուժառուների (ուղեկցողների հետ միասին), ովքեր պետական պատվերի շրջանակներում ժամանակին ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ինչպես նաև Արցախ տեղափոխել հրատապ անհրաժեշտության դեղորայք և բժշկական պարագաներ։
ԱՀ ԱՆ-ից հայտնում են, որ այս պահի դրությամբ «Արևիկ» բուժմիավորումում 4 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Միևնույն ժամանակ ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Լաչինի միջանցքով ռուս խաղաղապահների տեղաշարժը չի վերականգնվել, ինչը նշանակում է, որ պարենի և այլ հրատապ ապրանքների մատակարարումները մինչ օրս ամբողջովին արգելափակված են Ադրբեջանի կողմից։
Հունիսի 15-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով մարդասիրական և բեռնային բոլոր փոխադրումները։ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Armenia Today-ի հետ զրույցում հաստատել էր, որ Կարմիր Խաչը հունիսի 15-ին դադարեցրել է հիվանդների տեղափոխումը Լաչինի միջանցքով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ին կառավարության նիստում հայտարարել է, որ Ադրբեջանի այս գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումներ իրականացնելու նրա մտադրության ևս մեկ ապացույց են։ Հունիսի 22-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները։ Բանաձևը հիմնականում անդրադառնում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար և մարդու իրավունքների հետևանքներին, ընդգծվում է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության հրատապ գործուղման անհրաժեշտությունը, կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ կատարել ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը