Արցախից բացասաբար են արձագանքում Բրյուսելում հուլիսի 15-ի եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդարանի ղեկավար Շառլ Միշելի հայտարարությանը՝ կապված «Աղդամով հավասարաչափ մարդասիրական առաքումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամության հետ»։ Այս հայտարարությունից առաջ նման առաջարկով էր հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ԿԽՄԿ-ին առաջարկելով «մարդասիրական փոխադրումներ իրականացնել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով»։
Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն Armenia Today-ի հետ զրույցում նշել է, որ բռնապետ Ալիևին «հումանիտար աջակցություն» ցուցաբերող անձի են ուզում վերածել։
«Արցախում այս հայտարարություններին շատ բացասական են վերաբերվում։ Նիկոլ Փաշինյանն Ալիևի առաջին հանդիպմանը գովասանքի խոսքեր հայտնեց Ալիևի հասցեին՝ ասելով, թե «կիրթ մարդու տպավորություն է թողել»։ Հիմա նույն ձևով բռնապետ Ալիևին փորձում են «հումանիտար աջակցություն» ցուցաբերող անձ դարձնել, որը պատրաստակամ է ճանապարհ տրամադրել, հումանիտար բեռներ փոխադրել։ Զուգահեռ՝ չեն խոսում նույն Ալիևի կողմից կոպիտ խախտմամբ Բերձորի միջանցքի փակման մասին։ Չեն խոսում նաև այն մասին, որ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, չեն ասում, որ Արցախում բնակվող մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը հենց ժողովրդավարության ջատագովներն են ոտնահարում։ Այս երկակի ստանդարտներով կա՛մ փորձում են հաճոյանալ Ալիևին, կա՛մ էլ նավթադոլարներն ավելի մեծ արժեք ունեն, քան մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը»,-շեշտել է Գալստյանը։
Նրա խոսքով՝ նման արձագանքները պայմանավորված են հայկական կողմի դիրքորոշումներով։
«Երբ ՀՀ իշխանությունները չեն ուզում խոսել Արցախի ինքնորոշման մասին, դա բացում է միջազգային հանրության ձեռքերը՝ ոտնահարելու Արցախում բնակվող մեր հայրենակիցների իրավունքները։ Այսպիսի հնարավորություն ունենալով՝ իրենք փորձում են հաճոյանալ Ադրբեջանին։ Հաշվի են առնում այն փաստը, որ հայկական կողմը չի պահանջում, չի քննարկում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այլ խոսում է միայն անվտանգության և իրավունքների մասին»,-նկատեց նա։
Անդրադառնալով Բայրամովի ու ԿԽՄԿ-ի քննարկումներին՝ պատգամավորը չբացառեց, որ ԿԽՄԿ-ում վերոնշյալ ճանապարհով հումանիտար փոխադրումներ իրականացնելու ցանկություն կարող է լինել։
«Այնպես չէ, որ ԿԽՄԿ-ն Արցախը որպես անկախ պետություն է ճանաչում։ Կարմիր խաչն իր հիմնական քայլերն ավելի շատ ոչ թե Արցախի, այլ Հայաստանի իշխանությունների հետ է քննարկում։ Կարմիր խաչը կարող է նման ցանկություն հայտնել կամ առաջարկություն անել։ Այդուհանդերձ, եթե նման ընտրություն լինի, մեր ժողովուրդը չի ընդունելու այն տարբերակը, ըստ որի՝ մեր հումանիտար բեռները կարող են գալ ոչ թե Հայաստանով, այլ Ադրբեջանով։ Առհասարակ կա նման տեխնոլոգիա, երբ մարդկանց փորձում են սովի մատնել, իսկ սովի մատնված ժողովրդի համար մի կտոր հացը շատ ավելին է, քան շատ ու շատ նախապայմաններ։ Բայց մեզ համար միևնույնն է, չենք ընդունելու։ Իսկ եթե իշխանությունները ցանկանան գնալ այդ ճանապարհով, ապա դա արկածախնդրություն է լինելու առաջինը հենց իրենց համար»,-նշեց Գալստյանը՝ ընդգծելով, որ նման քայլի գնալուց առաջ պետք է գիտակցեն, որ պատասխանատվության են ենթարկվելու։
Այսօր՝ հուլիսի 18-ին, ԱՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հերթական ապատեղեկատվությունն է տարածվում առ այն, թե իբր Ակնայից` (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները հումանիտար օգնություն են տեղափոխում»։
Դավիթ Գալստյանը հայտնեց, որ տեսանյութերն ու տեղեկություններն իսկապես ապատեղեկատվություն են։
«Մենք էլ ենք պարբերաբար փորձում ճշտել նման բան եղել է, թե ոչ։ Համենայն դեպս, նման ոչ մի տեղեկություն չի հաստատվել, ոչինչ չի տեղափոխվել։ Ընդամենը խոսակցություններ են, փորձում են ժողովրդի մեջ տարածել, որ այդ մտքի հետ համակերպվեն»,-ասաց նա։
Հուլիսի 15-ին Բրյուսելում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Հանդիպման ավարտից հետո Եվրոպական խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ խրախուսում է Ադրբեջանի՝ Աղդամի միջոցով մարդասիրական մատակարարումներ իրականացնելու պատրաստակամությունը։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։