Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին մեղադրանք է առաջադրվել Արցախի քրեական օրենսգրքի 4 հոդվածներով, Armenia Today-ի հետ զրույցում ասաց Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
«Վիտալի Բալասանյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (գույքի հափշտակություն), 245-րդ հոդվածով (զենի և ռազմամթերքի ապօրինի պահում), 337-րդ հոդվածով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիք), և 279-րդ հոդվածով (թմրամիջոցների պահում)»,- ասաց նա։
Փաստաբանի փոխանցմամբ՝ Արցախի գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ (Վիտալի Բալասանյանին կալանավորելը)։
«Բողոքի բովանդակությանը ստույգ ծանոթ չեմ և չեմ կարող իրավական գնահատականներ տալ։ Վաղը ժամը 11-ին դատական նիստ է նշանակված, սակայն կարծում եմ, որ այն շատ շուտ կավարտվի, քանի որ մենք վերաքննիչ բողոքի պատճեն չենք ստացել, պետք է պատճեն ստանանք և ողջամիտ ժամկետ ունենանք ուսումնասիրելու, դատական նիստին մասնակցելու և պաշտպանությունը լիարժեք իրականացնելու՝ այդ հիմքով միջնորդություն կներկայացնենք, որպեսզի նիստը հետաձգվի»,- հավելեց նա։
Մարտիրոսյանը նշեց նաև, որ Վիտալի Բալասանյանն այսօր է դուրս գրվել հիվանդանոցից, անցել է դատաբժշկական հետազոտություն պարզելու համար, թե ինչ մարմնական վնասվածքներ է ստացել անազատության մեջ։
Արցախի ԱԽ նախկին քարտուղարը ձերբակալվել էր հուլիսի 13-ին Ասկերանի իր տանից։ Ավելի ուշ Բալասանյանի փաստաբանը հայտնել էր, որ նա ձերբակալվել է Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասով՝ հանցանք կատարելու կասկածանքով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։ Սահմանված պատիժն է՝ տուգանք նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով)։
Հուլիսի 17-ին Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը Armenia Today-ին հայտնեց, որ Արցախի ԱԽ նախկին քարտուղարը կալանավորելու միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է։