Ադրբեջանի հետ պետք է գնալ երկխոսության՝ ներառելով Գորիսով և Աղդամով առևտրի հնարավորությունը, ՀՀ հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։
«Ադրբեջանի հետ պետք է գնալ երկխոսության։ Ստեղծված իրավիճակում պետք չէ օդով թռնել, պետք է իջնել գետնին և գիտակցել, որ իշխանությունները պատասխանատվություն են կրում, որ կարողանանք սկսել բանակցությունները։ Պետք է փաստաթուղթը պատրաստել և ներառել Գորիսով և Աղդամով առևտրի հնարավորությունը։ Ցանկանանք, թե ոչ, սա է տարբերակը և իրականությունը»,- ասել է նա։
Նա ընդգծել է, որ Ստեփանակերտում հանրահավաքներ անցկացնելը չի փոխի իրավիճակn Արցախի շուրջ։
«Աշխարհում ամեն օր սովից մահանում է մոտ 200 հազար մարդ, մեկ միլիարդից ավելին սոված է մնում, բայց ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում։ Ինչքան ուզում եք՝ հանրահավաք արեք, բայց ոչինչ չի ստացվի»,- նշել է Բաբայանը։
Նախկին նախարարը մեկնաբանել է նաև ՀՀ-ի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը՝ ընդգծելով, որ Արցախ օգնության մուտքը կախված է ոչ թե ՌԴ խաղաղապահներից, այլ Ադրբեջանից, որը դա թույլ չի տա։
Հուլիսի 15-ին Բրյուսելում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ավարտից հետո Եվրոպական խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ խրախուսում է Ադրբեջանի՝ Աղդամի միջոցով մարդասիրական մատակարարումներ իրականացնելու պատրաստակամությունը։
Հուլիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Աղդամի միջանցքի մասով ո՛չ անհրաժեշտություն է տեսնում քննարկելու, ո՛չ էլ դրա մանդատն ունի։ Փաշինյանը նաև պարզաբանել է, թե ինչու Երևանը չարձագանքեց Միշելի և Կլաարի՝ Աղդամով ճանապարհի մասին հայտարարություններին։