Հայկական կողմը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության 19 բեռնատարը Արցախ տեղափոխելու հարցով դիմել է ռուս խաղապահներին, համապատասխան խողովակներով նաև ադրբեջանական կողմին, լրագրողների հետ զրույցում հայտնել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
Նա տեղեկացրել է, որ մարդասիրական բեռնատարները դեռևս Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի մոտ գտնվող սահմանային հատվածում են։ Վարդան Սարգսյանը հայտնեց, որ այս պահին դեռևս արձագանք չկա։
Հուլիսի 25-ին հայտնել էինք, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ։ Այսօր Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ մոտ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։
Հայտնել էինք նաև, որ «Սնունդ կյանքի համար» մոտ 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունն անցել է հայկական անցակետը և գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում և կմնան այնտեղ այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղապահների կողմից արձագանք չի ստացվել։ Հումանիտար բեռների փոխադրմանը հետևում են ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները՝ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը՝ հայտարարելով, որ «սադրանքին մասնակցել են Հայաստանում ԵՄ առաքելությունը և դիվանագիտական կորպուսը՝ ցույց տալով, որ դա նախապես ծրագրված քայլ է»։