Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 18-ին հանդիպել է ԱՀ Պաշտպանության բանակի հրամկազմի հետ, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են Արցախի Հանրապետության պաշտպանունակությանը վերաբերող հարցեր: Նախագահ Արայիկ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերում էին լիակատար պաշարման պայմաններում ԱՀ բնակչության անվտանգության ապահովմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։