Ֆրանսիայի մի շարք քաղաքների և շրջանների կողմից Լեռնային Ղարաբաղի համար ուղարկված հումանիտար ապրանքները պահեստավորվել են Գորիսի և շրջակա համայնքների պահեստներում, «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ կառավարության ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։ Նրա խոսքով՝ հաշվի է առնվել այն հանգամանքը, որ դրանք ունեն պիտանելիության և պահպանման ժամկետների հետ կապված որոշակի հատուկ պահանջներ։
«Ցավոք, պետք է արձանագրել, որ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ներկայումս հնարավոր չէ հումանիտար բեռի այս խմբաքանակը տեղափոխել Լեռնային Ղարաբաղ: Հաշվի առնելով, որ հումանիտար ապրանքները՝ պարենամթերքը, մանկական սնունդը և առաջին անհրաժեշտության պարագաներն ունեն պիտանելիության և պահպանման ժամկետների հետ կապված որոշակի հատուկ պահանջներ, հիշյալ բեռները պահեստավորվել են Գորիսում և շրջակա համայնքների պահեստներում, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում անհապաղ տեղափոխվեն Լեռնային Ղարաբաղ»,- ասել է Սարգսյանը:
Ավելի վաղ ֆրանսիացի լրագրող Գաբրիել Գաբոնը հայտնել էր, որ Ֆրանսիայից մարդասիրական օգնության շարասյունը Երևանից մեկնել է Արցախ։ Օգոստոսի 25-ին Փարիզի քաղաքապետը Ֆրանսիայի իշխանություններին խնդրել էր մարդասիրական ավտոշարասյուն ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին Իդալգոյին կոչ էր արել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF):
Օգոստոսի 28-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել էր «նոր դիվանագիտական նախաձեռնություն»՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու համար։
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։