Սեպտեմբերի 10-ին ԱՀ Ազգային ժողովի հատուկ նիստ է գումարել, որի ժամանակ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը պաշտոնապես ստանձնել է ԱՀ նախագահի լիազորությունները, տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից։
Հայտնում են, որ տեղի է ունեցել Շահրամանյանի երդման արարողությունը։
«Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»-նշել է նորընտիր նախագահը։
Նշվում է, որ հատուկ նիստին մասնակցել են ԱՀ երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, ինչպես նաև ԱՀ ԱԺ 3 գումարումների նախագահ Աշոտ Ղուլյանը։
Սեպտեմբերի 9-ին Արցախի ԱԺ-ն Արցախի Հանրապետության նախագահ է ընտրել Սամվել Սերգեյի Շահրամանյանին։
Օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր հրաժարական տալու մասին։ Օգոստոսի 31-ին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ևս ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար էր նշանակվել ԱԽ-ի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը։
Օգոստոսի 31-ին Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին ասել էր, որ խորհրդարանը պետք է Արցախի նախագահին ընտրի նրա հրաժարականից ոչ ուշ, քան 10 օր հետո։ Արցախի ԱԺ-ն հայտարարել էր, որ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի ԱԺ-ն կընտրի նախագահ: