ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նյու Դելիում անցկացվող G20 գագաթնաժողովի շրջանակներում քննադատել է Հայաստանում հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումը։
«Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունները տարօրինակ են թվում՝ հաշվի առնելով, որ Երևանը հրաժարվում է ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող զորավարժություններից»,-հայտարարել է նա։
Այս համատեքստում Լավրովը շեշտել է՝ «ոչ մի լավ բան չկա նրանում, որ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Անդրկովկաս»։
ՌԴ ԱԳ նախարարը նաև հերքել է Հայաստանի պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը հեռանում է Լեռնային Ղարաբաղից:
«Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Ղարաբաղը հանձնել է Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը»,-հայտարարել Է Լավրովը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հայտարարել է, որ սեպտեմբերի 11-20-ն կանցկացվեն «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժություններ։ Պենտագոնից հայտնել են, որ զորավարժությանը կմասնակցեն 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը զգուշավորություն է առաջացնում։
Սեպտեմբերի 3-ին ՀՀ վարչապետը La Repubblica-ին տված հարցազրույցում հայտարարել էր անվտանգության քաղաքականության դիվերսիֆիկացման Երևանի փորձերի մասին։ Փաշինյանը «ռազմավարական սխալ» էր անվանել Հայաստանի անվտանգության կախվածությունը մեկ կենտրոնից։ Փաշինյանը նաև ընդգծել էր, որ ավելի վաղ «դիտարկել են, թե ինչպես Ռուսաստանը մեկ օրում, ամսում կամ տարում լքեց Հարավային Կովկասը»։ Նույն հարցազրույցում Հայաստանի վարչապետը նշել էր, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում չեն կատարում այն առաքելությունը, որն ստանձնել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը և նշել, որ «Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից»։
Մանրամասները՝ տեսանյութում։