Արցախի ԱԺ պատգամավոր, «Ազատ հայրենիք- ՔՄԴ» իշխող խմբակցության ղեկավարն, ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ, Արթուր Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնում է Արցախի ԱԺ կայքը։
««Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Իվանի Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ներկայացրել է հրաժարականի դիմում»,- նշված է Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հայտարարությունում:
Նշվում է, ոչ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը և ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
«Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է հայտարարությունում:
Սեպտեմբերի 9-ին Արցախի ԱԺ-ն Արցախի Հանրապետության նախագահ է ընտրել Սամվել Սերգեյի Շահրամանյանին։
Օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր հրաժարական տալու մասին։ Օգոստոսի 31-ին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ևս ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար էր նշանակվել ԱԽ-ի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը։
Օգոստոսի 31-ին Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին ասել էր, որ խորհրդարանը պետք է Արցախի նախագահին ընտրի նրա հրաժարականից ոչ ուշ, քան 10 օր հետո։ Արցախի ԱԺ-ն հայտարարել էր, որ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի ԱԺ-ն կընտրի նախագահ: